10 դեկտեմբերի 2012 - 14:29 AMT
Վարչապետ. Մենք ունենք տասնյակ չլուծված խնդիրներ, որոնք դրսից ավելի լավ են երևում

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը ասել է. «Մենք ունենք տասնյակ չլուծված խնդիրներ, որոնք դրսից ավելի լավ են երևում, քան ներսից, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ խնդիրները կարևոր չեն և լուծման կարիք չունեն: Միևնույն ժամանակ ժողովուրդը շատ խստապահանջ է և մայր հայրենիքից պահանջում է, որ այդ խնդիրները լուծվեն հնարավորինս շուտ և արագ: Մի կողմից իշխանության համար դժվար է, որովհետև ճնշումը շատ մեծ է, բայց մյուս կողմից՝ ես ուրախ եմ, որովհետև այդ դժգոհությունը, քննադատությունը նշանակում է, որ մենք ունենք շատ մեծ ներուժ, գնալու ենք այդ փոփոխությունների ճանապարհով և հասնելու ենք հաջողության»:

Ընդունելության ժամանակ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած աշխատանքները, բարեփոխումները, ծրագրված անելիքներն ու տեսլականը:

Տիգրան Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի՝ առողջապահության, սոցիալական ոլորտի, կոռուպցիայի, Արցախի բանակցային գործընթացի, սիրիահայության և այլնի վերաբերյալ: