Հռոմում կայացել է Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի 41- րդ վեհաժողովը, որին մասնակցել են նաև ՀԱՕԿ- ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՕԿ- ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը:
Ղազարյանը նշել է, որ ենթադրվում էր, որ կորոշվի Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերի միայն անցկացման ժամկետը:
«Բայց, գոնե մեզ համար անակնկալ, հայտնի դարձավ նաև խաղերի մայրաքաղաքի անունը: Միակ հայտը ներկայացրել էր Բաքուն: Փակ քվեարկությամբ Բաքուն ընտրվեց եվրոպական խաղերի անցկացման առաջին քաղաքը»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Նա նաև ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցել քվեարկությանը: «Հայաստանի մարզասերներին բնականաբար կհետաքրքրի մեր մարզիկների մասնակցության հարցը: Այս մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, և մեր դիրքորոշումը կպարզվի ավելի ուշ, մանավանդ, որ խաղերը նախատեսված է անցկացնել 2015 թ. Հունիսին»,- եզրափակել է նա: