Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին:
Հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Մոնթե Մելքոնյանի մոր` Զաբել Մելքոնյանի մահվան մասին:
Մայր, ով արժանի է մեծ հարգանքի ու երախտիքի, ով կյանք է տվել ու դաստիարակել մեր բոլորիս սիրելի Ավոյին, մեծ հայրենասերին եւ անձնուրաց հրամանատարին: Մոնթեն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է Հայ դատի եւ հարազատ ժողովրդի իրավունքների պաշտպանության, համազգային նպատակների եւ իղձերի իրականացման վեհ գործին: Արցախցիների համար ամենածանր պահին նա կանգնեց մեր կողքին` անողորմ պայքար մղելով թշնամու դեմ եւ նահատակվելով որպես իսկական հերոս: Մոնթե Մելքոնյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: Նրա սխրանքը օրինակ կհանդիսանա դեռ շատ ու շատ սերունդների համար:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Մոնթեի մոր` Զաբել Մելքոնյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց տոկունություն եւ ոգու կորով», հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: