7 հունիսի 2005 - 10:58 AMT
ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
Օրինականության տեսանկյունից Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանների տեղափոխման հարցում խնդիրներ չկան: Այդ մասին լրագրողներին այսօր ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ռազմակայանները փոխադրվում են ոչ թե Հայաստան, այլ Հայաստանում գտնվող ռուսաստանյան ռազմակայաններ: Այդ գործընթացը իրականացնում են Ռուսաստանը եւ Հայաստանը, եւ իհարկե, օրինականության տեսանկյունից այստեղ խնդիրներ չկան»,-ասել է նա: Սակայն նա ընդգծել է, թե ադրբեջանական կողմը «ասում է, որ մեր տարածաշրջանում ավելի շատ ապառազմականացում է հարկավոր, քան ռազմականացում: Եվ այստեղ զորքեր, տանկեր պահելու անհրաժեշտություն չկա»: «Այդ պատճառով մենք հարց ենք բարձրացնում, որ այստեղ զորքեր պահելու անհրաժեշտություն չկա»,- ավելացրել է նա: Մամեդյարովը նշել է նաեւ, որ տվյալ պահին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցություններ են տեղի ունենում Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դեուրսբերման հարցի առնչությամբ: «Երբ լինի համաձայնագիրը, այն ժամանակ էլ մենք կքննարկեն ք այդ հարցը, կվերլուծենք եւ կձեռնարկենք մեր քայլերը»,- ասել է նա: Մամեդյարովն ասել է նաեւ, որ այդ հարցի առնչությամբ «մենք նոտա ենք հղել ռուսական կողմին եւ նրանցից պատասխան ենք ստացել: Մի խոսքով` բանակցությունները շարունակվում են»: Հիշեցնենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը օրերս լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի վրա «շատ մեծ ճնշում է գործադրվել ոչ միայն Վրաստանի, այլեւ այլ պետությունների կողմից, որոնք պնդում են ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետի կրճատում»: Նրա խոսքերով` «դա ստիպում է դուրսբերումն արագացնելու միջոցներ գտնել, եւ այդ միջոցներից մեկը ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի տարածք փոխադրելն է»: «Բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք հանձնել սպառազինությունը Հայաստանին»,- նշել է Բուրդիկինը` ընդգծելով, որ «դա անհնար է»: «Խոսքը գնում է փոխանցման մասին. հնարավոր փոխանցման մասին` մեկ ռուսաստանյան ռազմակայանից մեկ այլ ռուսաստանյան ռազմակայան, ինչպես ասվում է, Ռուսաստանի իրավասության ներքո»,- ասել է նա: Բուրդիկինը նշել է նաեւ, որ այդ տեղափոխումը, եթե այն կայանա, ուղղված չի որեւէ երրորդ երկրի դեմ, այն ոչ մի կերպ չի ազդի ղարաբաղյան կարգավորման վրա, չի հակասի միջազգային համաձայնագրերին, օրինակ` ԵՍԶՈՒ-ի եւ այլն: «Այդ պատճառով, ինձ թվում է, որ լրջորեն խոսել, ուռճացնել` եթե ոչ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատացնելու նպատակով, դա իմաստ չունի»,- ընդգծել է Բուրդիկինը, տեղեկացնում է «Նովոստի» լրատվական գործակալությունը: