20 փետրվարի 2003 - 19:11 AMT
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀՀ ԳՈՐԾՈՂ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽԱԽՏՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԸ
Մինչ քվեարկության ավարտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված Հայաստանի նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածուների հայտարարությունը հանդիսանում է ՀՀ գործող Ընտրական օրենսգրքի խախտում: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահական ընտրություններում ԱՊՀ դիտորդական հանձնաժողովի անդամ Կոնստանտին Մերկուլովը: Նրա խոսքերով, հայտարարության մեջ բացակայում են հստակ հիմնավորումները եւ «փաստաթուղթը ավելի շուտ դեկլարատիվ-քաղաքական բնույթ է կրում»: «Նման տիպի հայտարարությունները պետք է արվեն ավելի լուրջ մակարդակով»,-նշել է Մերկուլովը: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները գտնում են, որ նման հայտարարությունները պետք է քննարկվեն դատական կարգով: ԱՊՀ առաքելության անդամը հայտարարել է նաեւ 500 չլրացված քվեաթերթիկների հայտնաբերման մասին նախագահության թեկնածու, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի շտաբում: «Տվյալ փաստի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ»,- ասել է Մերկուլովը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր թեկնածուների երեկվա հայտարարության մեջ ասվում էր «ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային խախտումների մասին»: