14 դեկտեմբերի 2012 - 15:21 AMT
Դեմիեն Հերստի նկարներն այլևս չեն ցուցադրվի Լարի Գագոսյանի պատկերասրահներում

Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերստը հայտարարել է Լարի Գագոսյանի պատկերասրահների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են 17 տարի: Այդ մասին հաղորդվում է The New York Times-ի ArtsBeat բլոգում: Համագործակցությունը դադարեցնելու պատճառներն անհայտ են:

Գագոսյանի պատկերասրահների հետ նկարչի համատեղ աշխատանքն ավարտվել է ցուցահանդեսով, որը 2012-ին ընթանում է միաժամանակ բոլոր 11 պատկերասրահներում:

Դեմիեն Հերստը համարվում է ամենահարուստ ժամանակակից հեղինակը: Նրա կարողությունը կազմում է 346 մլն դոլար: Գագոսյանի եկամուտները, Forbes հաշվարկներով, հասնում են 925 մլն դոլարի: