Պատերազմի վերսկսումը Ադրբեջանի ու Հայաստանի միջև «հնարավոր է ցանկացած պահի», հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը լրագրողներին: «Երրորդ ուժի բացակայությունը հակամարտող կողմերի միջև պայմաններ է ստեղծում պատերազմի վերսկսման համար»,-ասել է Մամեդովը:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանն իր միֆիկ «տարածքային ամբողջականության» վերականգնման համար երբեք չի հրաժարվել խնդրի ռազմական լուծումից, և «դա մեր բնական իրավունքն է, ոչ ոք չի կարող խանգարել մեզ այդ հարցում»:
Նման հայտարարություններով Ադրբեջանն ուղղակի անտեսում է միջազգային միջնորդների կոչերը խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:
Տառացիորեն օրերս այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի, Լեհաստանի ու Բուլղարիայի ԱԳ նախարարներ Կառլ Բիլդտը, Ռադոսլավ Սիկորսկին ու Նիկոլայ Մլադենովը կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ լարվածության լրացուցիչ թեժացումից. «Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ ենք անում կողմերին չձեռնարկել ոչ մի բան, ինչը կարող է վնասել խաղաղ գործընթացին»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ու Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Բերնար Կազենեվը Դուբլինում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում հանդես եկան հայտարարությամբ Ղարաբաղի վերաբեյալ և նույնպես կոչ արեցին կողմերին քաղաքական կամք դրսևորել, որն անհրաժեշտ է խաղաղ կարգավորման համար:
«Ցավում ենք, որ հակամարտությունն արագ կարգավորելու վերաբերյալ սպասումները, որոնք ծնվել էին 2012-ի հունվարին Սոչիում Հայստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության ընդունումից հետո, չարդարացան:
Ավելին, կողմերը բանակցությունների ընթացքում մտածում էին միակողմանի առավելությունների մասին, փոխանակ փոխըմբռնման վրա հիմնված լուծման ուղիներ փնտրելու: Վերջին ամիսներին շփման գծում լուրջ միջադեպերի քանակության նվազումը ճանաչելով` մենք հիշեցնում ենք հետագայում ևս հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնում հակամարտության լուծման: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք հանգեցնում են ատելության և լարվածության ավելացման:
Կողմերի առաջնորդները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին, որ մի օր նրանք կրկին ապրելու են որպես հարևաններ, այլ ոչ թե որպես թշնամիներ, հարգելու են միմյանց մշակույթները, պատմությունը և ավանդույթները:
Կոչ ենք անում կողմերին մեծ կայունություն դրսևորել` խաղաղության հասնելու հարցում, և համանախագահների հետ աշխատել միջնորդների` նոյեմբերին տարածաշրջան կատարած այցի արդյունքում առաջարկված գաղափարների շուրջ: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեւջանի ԱԳ նախարարների` 2013-ի սկզբին համանախագահների ներկայությամբ հանդիպելու և առաջարկները քննարկելու պատրաստակամությունը: Մեր երկրները պատրաստ են անել իրենցից կախված ամեն բան, որպեսզի օգնեն կողմերին, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը նրանց վրա է»:
Հայաստանն ավելի հեռուն գնաց ու առաջարկեց պատժամիջոցներ կիրառել այն երկրի դեմ, որը կփորձի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: «Միջազգային հանրությունը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի այս հարցում, որը պետք է արտացոլվի միջազգային փաստաթղթում: Այդ փաստաթղթով, իր հերթին, պետք է հաստատվի, որ ուժային միջոցներով Ղարաբաղի խնդիրը լուծելու փորձի դեպքում, այդ կողմի դեմ կկիրառվեն կոնկրետ միջազգային պատժամիջոցներ»,-ասել է ՀՀ վարչապետը Շվեդիայի, Լեհաստանի ու Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը:
Սակայն, Իրավիճակի հեգնանքը նրանում է, որ նման հայտարարություններից հետո Ադրբեջանը լկտիաբար մեղադրում է Հայաստանին կարգավորումն արգելակելու մեջ: