«Հայաստանի Հանրապետությունը դարձել է մերձավոր արտերկրի առաջին երկրներից մեկը, որտեղ «Ռոստելեկոմը» սկսել է ծառայություններ տրամադրել սեփական ապրանքանիշի ներքո»,- դեկտեմբերի 18-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռուսական ընկերության փոխնախագահ Նաում Մարդերը` նվիրված Հայաստանի հեռահաղորդակցական շուկա «Ռոստելեկոմի» մուտք գործելուն: Նրա խոսքով, աշխատանքի նոր ձևը կտա «սիներգետիկ արդյունք» և օգկատար կլինի Հայաստանի բնակչությանը ու համագործակցության լավ օրինակ կծառայի:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն, ՀՀ-ում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար:
Իր հերթին, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը հաղորդել է, որ բոլոր ծառայությունները կտրամադրվեն «Ռոստելեկոմի» միասնական ապրանքանիշի ներքո, իսկ 2012-ին հայկական շուկայում ներդրումները կկազմեն ավելի քան 10 մլն դոլար, իսկ 2013-ին պլանավորվում է ներդնել շուրջ 12 մլն դոլար: Դա թույլ կտա ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ին իրագործել հավակնոտ պլաններ և իր տեղը զբաղեցնել մանրածախ հատվածում` ծածկելով Հայաստանի գրեթե ողջ քաղաքները:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և կառուցված է գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բիզնեսի կարիքները, և տարածված է ՀՀ ողջ տարածքով՝ ապահովելով ծառայությունների հասանելիությունը ավելի քան 47 քաղաքներում: