Այսօր Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Մաշտոց» կրթամշակութային հանդեսին և նրա խմբագրակազմին նախարարության պատվոգրով պարգևատրելու արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
2012-ի հոկտեմբերին լրացել է «Մաշտոց» հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդեսի լույս ընծայման 15 տարին: Հանդեսը հիմնադրել է Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այն տարածվում է ինչպես Հայաստանում, այպես էլ տարբեր երկրների հայ համայնքներում:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը պատվոգիրը հանձնել է հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանին՝ ողջ խմբագրակազմին շնորհակալություն հայտնելով կարևոր գործունեության համար: Գագիկ Աթաբեկյանը նշել է, որ իրենց համար անչափ պարտավորեցնող է պատվոգիր ստանալու հանգամանքը, ուստի առաջիկայում բազմապատկվելու են ողջ խմբագրակազմի ջանքերը: