17 հունիսի 2005 - 12:06 AMT
ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՀՀ-ում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Լատուրյուն (նստավայր` Կիեւ), տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարարը շնորհավորել է դիվանագետին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան բարձր առաքելության մեջ: Նա դեսպանին ներկայացրել է հայ-ինդոնեզական պատմական շփումների արդյունքում առաջացած բարեկամական հարաբերությունները, որոնց զարգացման համար այսօր առկա է մեծ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներին եւ նշել են այն ոլորտները, որոնցում համատեղ ջանքերով այսօր իսկ հնարավոր է համագործակցության ծավալների բարձր ցուցանիշներ արձանագրել: Դրանց թվում է ոսկերչությունը, ադամանդագործությունը, փայտամշակումն ու կահույքագործությունը, ագրոբիզնեսը եւ այլն: Առանձին նշվել է հայկական եւ ինդոնեզական գիտական մեծ ներուժի օգտագործման հեռանկարները` համատեղ գիտական նախագծեր իրականացնելու համատեքստում: Ինդոնեզիայի դեսպանը բարձր է գնահատել հայ-ինդոնեզական համագործակցության մակարդակը եւ կարեւորել է ասիական տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի առավել լայն գործընկերության հաստատումը: