22 հունիսի 2005 - 12:58 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՆՈՐՎԵԳ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Բաղդասարյանը կարեւորել է նորվեգական պատվիրակության այցը Հայաստան, որը կարող է հայ-նորվեգական լավ համագործակցության հիմք դառնալ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի խորհրդարանում հայ-նորվեգական բարեկամության աշխատանքային խմբի ստեղծումը: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական համագործակցությունը տարբեր միջազգային կառույցներում, ինչպես նաեւ տնտեսության եւ գյուղատնտեսության ոլորտներում, նաեւ երկու երկրների վարչատարածքային միավորների միջեւ: Ա.Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանը` Նորվեգիայի փախստականների խորհրդի Հայաստանում ծավալած գործունեության համար եւ կարեւորել է այդ առաքելության շարունակումը: Իր հերթին Յ.Կոսմոն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Նորվեգիայի խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը: Նշելով Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հաստատման ուղղությամբ` նա կարեւորել է առկա խնդիրներին քաղաքական լուծումներ տալը` առաջ նայելով: Նրա խոսքերով` կարեւոր է ժողովրդավարական գործընթացների շարունակումը տարածաշրջանում եւ Հայաստանում, եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանային կապերի հաստատմանը: