WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆրանսիացի Մեհդի Բուադլայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո վերադարձել է Հայաստան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտիկը նշեց, որ տարին իր համար հաջող է անցել, քանի որ կարողացել է տոնել երկու կարևոր հաղթանակներ:
«Ինձ համար մեծ պատիվ էր երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելը: Ես կարողացա առավելության հասնել Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ և վերցնել նրանից WBO գոտին: Այնուհետև այն հաջողությամբ պաշտպանեցի Բուադլայի հետ մարտում: Կարծում եմ, որ այս տարի լավ արդյունքի եմ հասել»,- ասաց Աբրահամը:
2013 թվականին նա ռևանշ-մենամարտ է անցկացնելու Շտիգլիցի հետ, և հանդիպումն անցկացվելու է ապրիլի 6-ին կամ էլ մարտի 30-ին: Հայ բռնցքամարտիկի պրոմոութերը նաև պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հաջորդ տարի նա ԱՄՆ-ում կամ Գերմանիայում մենամարտ ունենա Կելլի Պավլիկի հետ: Իսկ Աբրահամը ցանկանում է կրկին հանդիպել Կարլ Ֆրոչի և Անդրե Դիրելլի հետ, որոնց զիջել է “Super Six” մրցաշարի շրջանակներում:
Ըստ Աբրահամի, աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից է Ֆլոյդ Մեյուեզերը, որը հաղթել է իր բոլոր մենամարտերում: