Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտրողների 20 տոկոսը իշխանամետ են, իսկ 10 տոկոսը՝ ընդդիմադիր: Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի՝ ընտրություններին չմասնակցելու Ծառուկյանի որոշումից հետո ընդդիմադիրները ունեն որոշ կողմնորոշում, իսկ իշխանական հատվածը խուճապի մեջ է: «ԲՀԿ առաջնորդի ձայների 4.9 տոկոսը կարող է գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին և վերջինիս ունեցած 10 տոկոս վարկանիշով, նա ընտրություններում կարող է գրանցել 15 տոկոս արդյունք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգը տեղեկացրեց, որ 2012թ. դեկտեմբերին հանրապետության 1400 բնակիչների շրջանում, համաչափ ըստ մարզերի, քաղաքաբնակ-գյուղաբնակ, սեռա-տարիքային և կրթական խմբերի, անցկացվել է սոցհարցում:
Ծառուկյանն իր ընտրողներին թողել է ինքնույն որոշում կայացնելու: «Կարեն Դեմիրճյանը կասեր՝ նստեք տանը, կարտոֆիլ տապակեք և կերեք»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ հարցումների՝ Գագիկ Ծառուկյանի որոշումը բացասական է գնահատել կամ սխալ քայլ է համարել հարցվածների 33.6 տոկոսը, դրական կամ ճիշտ քայլ՝ 25.6 տոկոսը, չեզոք՝ 13 տոկոսը, որոշումը քաղաքական խաղ է համարել 3.9 տոկոսն, այլ՝ 4.2 տոկոս:
ԲՀԿ առաջնորդի չառաջադրվելու դեպքում ձայների 3.3 տոկոսը ձայնը կգնար Ռոբերտ Քոչարյանին, 3.2 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 0.5 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 1 տոկոսը՝ ՀՅԴ-ին:
«Քանի որ Քոչարյանը չի առաջադրվել, Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ-ն հրաժարվել են, դեռ կանխատեսելի չէ, թե ում կգնան այդ 8 տոկոս ձայները»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Հարցին՝ եթե նախընտրում էիք Ծառուկյանին, ինչ եք մտադիր անել նրա չառաջադրման պարագայում, հարցվածների 2.2 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 1.6 տոկոսը՝ իր ձայնը կտար միասնական թեկնածուին, Տեր-Պետրոսյանին՝ 0.2 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին՝ 0.2 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 0.2 տոկոսը, այլ՝ 0.3 տոկոս, դեռ չեն որոշել ում կտան՝ 2.1 տոկոս: Ընտրողների 2 տոկոսը դեռ չի որոշել գնալու է ընտրություններին, թե ոչ: 21.8 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Ահարոն Ադիբեկյանի կանխատեսմամբ՝ առաջիկա ընտրություններին կլինի ընտրողների թվի նվազում, քանի որ կան մարդիկ, ովքեր միայն Ծառուկյանին կընտրեին և հատկապես այդ ընտրազանգվածի մեջ շատ են կին ընտրողները: