5 հուլիսի 2005 - 07:44 AMT
Գ.ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «ՈՍԿԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱ»
Այսօր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար «ոսկյա հնարավորություն» կա ` հիմնված «խաղթանակ-հաղթանակ» հայեցակարգի վրա, որի իրագործման դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը դուրս կգան իրավիճակից նվազագույն կորուստներով: Կողմերը պետք է ինտենսիվացնեն տվյալ խնդրի առնչությամբ բանակցությունները: Նման հայտարարությունով Վաշինգթոնում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 14-րդ նիստում հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության հարցերով այդ կազմակերպության հատուկ ներկայացուցիչ շվեդ Գորան Լենմարկերը: Ինչպես տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ մամուլի հետ կապերի պատասխանատու Ժան Ժուրենը, Լեմնմարկերը ներկայացրել է պատվիրակության ղեկավարներին տվյալ թեմայով իր զեկույցը: Փաստաթղթում տեղ են գտել զեկուցողի մտքերն այն մասին, թե ինչպես կարելի է ապահովել հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հովանու ներքո: Իր խոսքում Լենմարկերն ընդգծել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Ամեն տարի բազմաթիվ մարդիկ են զոհվում կողմերի շփման գծի վրա»: Նա նաեւ նշել է, որ «հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, փաստորեն, գոյություն ունի հակամարտությունը լուծելու սուր անհրաժեշտություն եւ պետք է դնել երկու կողմի անձնական, տնտեսական, սոցիալական հիմնախնդիրների վերջակետը»: Շվեդ խորհրդարանականն առաջարկել է հիմնվել եվրոպական փորձի վրա, երբ «ժողովրդավարությունը եւ ինտեգրումը դառնում են վերջնական խաղաղության ապահովման հիմնարար բաղադրիչները»: «Եվրոպական եւ միջազգային ուժեղ ինստիտուտները պատրաստ են ցանկացած պահի աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին: Դա մեծահոգի առաջարկ է եւ կարող է օգտակար լինել»,- ընդգծել է նա: Լենմարկերը նշել է նաեւ հայկական եւ ադրբեջանական պատգամավորական պատվիրակությունների գործունեության մեծ օգուտը:
«Վերջիվերջո, խաղաղ համաձայնությունը ձեռք կբերվի երկու կառավարությունների միջեւ, եւ խորհրդարանական ուղղությունը անգնահատելի կլինի հասարակայնությանը տեղեկացնելու եւ պայմանավորվածությունների կատարումն ապահովելու գործընթացում»,- նշել է նա: Նշենք, որ Գորան Լենմարկերը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2002 թվականի հունիսին եւ այդ ժամանակից մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ հանդիպումներ է ունեցել հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների, այդ թվում` փախստականների հետ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: