6 հուլիսի 2005 - 10:25 AMT
ԵՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, որ Թուրքիան պետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացի սահմանը: Նրա խոսքերով, սահմանի բացումը շահավետ կլինի նաեւ Թուրքիայի արեւելյան նահանգների համար: Օլի Ռենը նշել է, որ «1915-1916 թվականների իրադարձությունների» ճանաչումը նախապայման չի հանդիսանում Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները սկսելու համար: Միեւնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ թուրքական իշխանությունները որոշել են հետաձգել Բոսֆորի համալսարանում այդ հարցի շուրջ պատմական կոնֆերանսի անցկացումը: ԵՄ հանձնակատարը նշել է, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների նախորդ շաբաթ ընդունված ձեւաչափն ամենախիստն է ԵՄ ընդլայնման ողջ պատմության ընթացքում: Նրա խոսքերով, հաշվի առնելով ընդլայնման նախորդ փուլի փորձը, «մենք ավելի մեծ ուշադրություն ենք հատկացնելու իրական քայլերին եւ գործերին, քան պարտավորություններին եւ խոսքերին», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: