8 հուլիսի 2005 - 11:12 AMT
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑԱԾՈՒԹՅՒՈՆԸ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՉԻ ԿԱՊՎՈՒՄ ՆՐԱ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Գորան Լենմարկերի դիրքորոշումը քաղաքական, այլ ոչ թե իրավական մոտեցում է, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ նախագահի ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկեր այն հայտարարությունը, թե «մենք չենք կարող թույլ տալ, որ Կովկասում մեծ թվով գաճաճ պետություններ ստեղծվեն: Տարածաշրջանում պետք է լինեն երեք ուժեղ պետություններ, որոնց պետք է հարգանքով վերաբերվել», տեղեկացնում է «Դե Ֆակտո» գործակալությունը: Ա.Ղուրկասյանի խոսքերով` Ճանաչելով Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի մաս` Գորան Լենմարկերը վտանգ է տեսնում «գաճաճ պետությունների» անկախության ճանաչման մեջ: Առաջնորդվելով նման տրամաբանությամբ` եվրոպացիները պետք է պայքար սկսեն նաեւ Մոնակոյի կամ Լյուքսեմբուրգի անկախության դեմ: «Կարծում եմ, պետության կայացվածությունը ուղղակիորեն չի կապվում նրա տարածքի մեծության հետ: Միայն ժողովրդի` իր ճակատագրի համար պատասխանատվություն կրելու ունակությունը, ինքնակազմակերպվածության մակարդակը, աշխարհընկալման համապատասխանությունը արդի քաղաքակրթական շարժերին կարող են իրական չափանիշներ լինել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այդ չափանիշներին համապատասխանում է»,- ավելացրել է նա: Մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսի կարծիք ն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, - հարցը պետք է լուծվի ԱՀ տարածքային ամբողջականության շրջանակներում», Ա.Ղուկասյանը հայտարարել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի լիարժեք գործողության մասին ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանական Հանրապետության դեպքում, իրականում, կարելի է խոսել միայն կողմերի միջեւ համապարփակ համաձայնագրի ստորագրումից եւ, համապատասխանաբար, սահմանի ընդհանուր հատվածում սահմանազատման (դեմարկացիոն) աշխատանքների ավարտից հետո: «Մեր երկու հանրապետություններն էլ հռչակվել են նախկին խորհրդային վարչական միավորի տարածքում եւ, որպես երկու անկախ պետություն, պետք է իրար հետ համաձայնության գան այս հարցում»,- եզրափակել է ԼՂՀ նախագահը: