11 հուլիսի 2005 - 08:33 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ
2005 թ. հուլիսի 1-ից «ԱրմենՏել» ընկերությունը անբացատրելի ծանրաբեռնվածություն է հայտնաբերել իր ցանցում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիոս Ֆետսիսը: Նրա խոսքերով, հուլիսի 1-ից «ԱրմենՏելի» բջջային կապի ցանցում սկսել են տեղի ունենալ անբացատրելի խափանումներ, որոնք կապված չեն որեւէ տեխնիկական կամ սարքավորումների անսարքությունների հետ: Ընդ որում ցանցում չեն հայտնաբերվել որեւէ տեխնիկական անսարքություններ: Ցանցի գերծանրաբեռնվածության պատճառները այժմ հետազոտվում են: Ըստ Վ.Ֆետսիսի, այդ գերծանրաբեռնվածությունը կապված չէ բաժանորդների քանակի կամ ցանցի սարքավորումների աշխատանքի հետ: Ընդհուպ մինչեւ կառավարության 2004թ. նոյեմբերի 4-ի որոշումը «ԱրմենՏելը» հանդիսանում էր Հայաստանում բջջային կապի մենաշնորհատերը: 1997 թվականի վերջում հունական ՕՏԵ հեռահաղորդակցական ընկերությունը միջազգային մրցույթի արդյունքում 142,47 մլն դոլարով ձեռք բերեց «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը: 2005 թ. հուլիսի 1-ից բջջային կապի հայկական շուկա մուտք գործեց նաեւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը VivaCell ապրանքանիշով: Ինչպես հայտարարել է Վ.Ֆեստիսը, «ԱրմենՏելը» կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում նաեւ իրավական, իր ցանցը պաշտպանելու համար: Մասնավորապես, ընկերությունը մտադիր է դիմել կապի ոլորտի կանոնակարգող մարմնին իր շահերը պաշտպանելու համար, հաղորդում է Փրայմ-Տասսը: