14 հունվարի 2013 - 17:18 AMT
Ո՞վ է պատասխանատու հունվարի 1-4-ը Երևանում հացի բացակայության համար

Ֆեյսբուքյան «Հաց տվեք !!!!» միջոցառման համակարգող Լևոն Հովսեփյանն այսօր բաց նամակ է հղել կառավարության ղեկավարին` տեղեկացնելով, որ ամանորյա օրերին Երևանի բազմաթիվ վաճառակետերում և նույնիսկ հայտնի սուպերմարկետներում ուղղակի անհնար էր գտնել հացամթերք: Նամակում մասնավորապես ասվում է. «Ամանորյա տոներին Երևանի բնակչությունը հերթական անգամ անակնկալի եկավ այն փաստից, որ Երևանի ՈՉ ՄԻ խանութում, ՈՉ ՄԻ հացի արտադրամասում հաց չկար, և երևանցիները, փաստորեն, զրկված էին հաց գնելու հնարավորությունից: Սա շարունակվեց հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին:

Հասկանալով, որ որևէ կառույց չի պատրաստվում այս խայտառակության համար պատասխանատվություն կրել, մենք փորձեցինք ինքներս պարզել, թե որ պետական կառույցն է պատասպանատու այս վիճակի համար:

Կապվեցին...ք. Երևանի քաղաքապետարանի Առևտրի և Սպասարկման վարչության հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ քաղաքապետարանը որևէ առնչություն չունի այդ խնդրի հետ և չի զբաղվում այդ խնդրով: Քաղաքապետարանից մեզ խորհուրդ տվեցին դիմել Կառավարությանը:

Մենք կապվեցինք Կառավարության թեժ գծին, որտեղ, երկար ճշտումներից հետո մեզ խորհուրդ տվեցին կապվել Էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը ունի լիցենզավորման բաժին և հետևաբար, այդ գերատեսչությունն է զբաղվում այդ խնդրով:

Կապվեցինք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ նույնպես մեզ սպասվում էր նույն իրավիճակը: Հեռախոսով մեր հարցը լսելուց հետո սկսվեցին երկար ճշտումներ, թե ով իրականում պետք է պատասխանատու լինի մայրաքաղաքում Ամանորից հետո տիրող խայտառակ իրավիճակի համար: Հեռախոսով մեզ հետ զրուցող կինը երկար ժամանակ խորհրդակցում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի հետ: Ընդ որում, պարզաբանումները ուղղված էին նրան, որպեսզի ամեն կերպ համոզվեն, իսկ հետո նաև մեզ համոզեն, որ Էկոնոմիկայի նախարարությունը նույնպես պատասխանատու չէ այդ խնդրի համար: Երկար խորհրդակցություններից հետո մեզ խորհուրդ տվեցին հիմա էլ կապվել ՏՄՊՊՀ-ի հետ և պարզաբանումներ ստանալ ՏՄՊՊՀ-ից:

Կապվեցինք ՏՄՊՊՀ-ին: ՏՄՊՊՀ-ում մեզ ասացին, որ իրենք զբաղվում են շուկայում ցանկացած ապրանքի դեֆիցիտով այն դեպքում, երբ այդ դեֆիցիտը պարունակում է տվյալ ապրանքի գների թանկացման վտանգ: Իսկ բուն հացի արտադրամասերի (փուռերի) գործուենության վերահսկմամբ զբաղվում է այն մարմինը, որը լիազորված է նրանց գործունեության լիցենզիաներ տրամադրել, այսինքն, ՀՀ Էկոնոմիակյի նախարարությունը, որտեղից, նշենք, մեզ ուղարկել էին ՏՄՊՊՀ: ՏՄՊՊՀ-ում մեզ խորհուրդ տվեցին կրկին կապվել ՀՀ Էկոնոմիկայի նախարաւրության հետ:

Փաստորեն, ստացվում է բարձիթողի իրավիճակ, երբ ՀՀ-ում որևէ մեկը պատասխանատու չէ 4 օր հաց չլինելու խնդրի համար: Իսկ եթե որևէ մեկը պատասխանատու չէ դրա համար, ապա հաց կարող է չլինել նաև վաղը, մյուս օրը, մեկ շաբաթ, ամիսներ և այդպես շարունակ, քանի որ ոչ ոք (կրկնում ենք` ՈՉ ՈՔ) պատասխանատվություն չի կրում կամ չի ուզում ստանձնի հացի արտադրամասերի գործունեության համար:

Հ.Գ. Ի դեպ, ՏՄՊՊՀ-ի հետ զրույցում մենք նշեցինք, որ Գյումրիում հացի դեֆիցիտը բերել էր նրան, որ մեկ հացը, որի գինն արժեր 80 դրամ, վաճառվում էր 250 դրամով` այլ կերպ ասած, 3 անգամ ավելի թանկ: ՏՄՊՊՀ-ից մեզ ասացին, որ եթե կան նման փաստեր, ապա մենք գրավոր դիմում-բողոքով հանդես գանք` ուղղված ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Որքան էլ զարմանալի է, որ ՏՄՊՊՀ-ն պետք է դրանով զբաղվի միայն մեր դիմում-բողոքից հետո, երբ խոսքը գնում է ՀՀ 2-րդ քաղաքի հացամթերքի գների մասին, այնուամենայնիվ, մենք գրավոր դիմումով, անշուշտ, կդիմենք Արտակ Շաբոյանին` առաջիկայում այդ հարցով զբաղվելու համար»: