
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանգել է այն կուռ կամոզմունքին, որ ընտրագրավի ինստիտուտը խիստ անհրաժեշտություն է Ընտրական օրենսգրքում: Այս մասին Տիգրան Մուկուչյանն հայտարարեց այսօր՝ ԿԸՀ արտահերթ նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Անդրադառնալով ընտրապայքարից դուրս մնացած «Քաշաթաղ» ՀԿ-ի ղեկավար Ռուբերտ Սիմոնյանի պնդմանը, թե ութ միլիոն դրամ ընտրագրավի պահանջն անօրինական է և հակասում է Սահմանադրությանը, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ որևէ հակասության մասին խոսք լինել չի կարող և նման խնդիր ընդհանրապես չկա: «Ընտրական գրավը իրավական հնարավորություն է, ինչը թույլ է տալիս զերծ պահել ընտրապայքարը պատահական թեկնածուներից»,-ասաց նա: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, իսկ ամենակոշտ մոտեցումը Ֆրանսիան է սահմանել:
Անդրադառնալով Ռոբերտ Սիմոնյանի այն պնդմանը, թե նախընտրական շրջանում գործող նախագահը պետք է արձակուրդ գնա, որպեսզի հավասար ընտրապայքար լինի, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ Ընտրական օրենսգրքում այդպիսի պահանջ չկա:
Ավելացնենք, որ այսօր ԿԸՀ-ն իր արտահերթ նիստում կարճեց Ռոբերտ Սիմոնյանի դիմումը և մերժեց նրա թեկնածության գրանցումը: Ռոբերտ Սիմոնյանը պնդում է, որ «կատարվում է հանցագործություն, 8 միլիոն դրամ գրավի պահանջը անօրինական է և ապօրինի, ինչպես նաև հակասում է սահմանադրությամբ ամրագրված պահանջներին»: Ռոբերտ Սիմոնյանը դիմել էր վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ընտրություններում առաջադրված թեկնածուներին հավելյալ 48 ժամ ժամանակ տրամադրելու մասին ԿԸՀ որոշումը՝ փաստաթղթերում թերությունները վերացնելու և ընտրագրավի վճարման անդորրագիրը ներկայացնելու համար: Վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել: Ռոբերտ Սիմոնյանի կարծիքով, մեծ աղմուկ բարձրացնելուց հետո է միայն վարչական դատարանը հայցադիմումը մասամբ ընդունել, բայց ընտրագրավի և ընտրությունները հետաձգելու մասով դատարանը այն մերժել է: