14 հուլիսի 2005 - 09:02 AMT
ՆԱՏՕ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ Քաղաքական-ռազմական ուղղորդող կոմիտեի եւ Քաղաքական կոմիտեի Հայաստանի հետ համատեղ նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դաշինքի նախաձեռնությամբ հրավիրված նիստի նպատակն էր Հայաստանի Անհատական գործընկերության գործողության ծրագրի (IPAP) ներկայացման փաստաթղթի լրացուցիչ քննարկումը: Փաստաթուղթն առաջին անգամ քննարկվել էր հունիսի 16-ին կայացած Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում` ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասնակցությամբ: Նիստը նախագահում էր Անվտանգության համագործակցության եւ Գործընկերության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, Հարավային Կովկասում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Հայաստանի պատվիրակության կազմում էին փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը եւ ռազմական ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանը: Ա.Կիրակոսյանը եւ Ա.Աղաբեկյանը պարզաբանեցին ԱԳԳԾ-ի քաղաքական նպատակային ուղղվածությանը, պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն առնչվող խնդիրներ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները` դրվատելով Հայաստանի մշակած ներկայացման փաստաթուղթը: Մինչ նիստը կայացել էին հայկական պատվիրակության հանդիպումները Պաշտպանության քաղաքականության եւ պլանավորման հարցերով Գլխավոր քարտուղարի օգնական Ջոն Քոլստենի եւ Ռոբերտ Սիմոնսի հետ: