17 հունվարի 2013 - 12:25 AMT
Հայաստանում ավտոբուսների արտադրությամբ կզբաղվի հնդկական ընկերություն

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանում պլանավորում են կազմակերպել ավտոբուսների արտադրություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանից հայտնում են, որ ավտոբուսների արտադրությունը կիրականացնի հնդկական Ashok Leyland կազմակերպությունը:

Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարվա համար կազմում է 1 մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։

Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել ավտոբուսների արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գործարանին անհրաժեշտ սարքավորումները և պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը։ Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ավտոբուս։