«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը»: Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերն են. այսօր Մովսեսի հիշատակի օրն է:
«Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը` ազատությունը»,- 1988-ի ազգային ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման սկիզբը և ժողովրդի մեջ պայքարի կամքը Մովսես Գորգիսյանն այս համոզմաբ էր դնում: «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու», – ասում էր նա:
Մովսես Գորգիսյանը «Հայոց ազգային բանակ» և «Անկախության բանակ» ջոկատների հիմնադիրն է:
…1990թ. հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապում էին Երասխավան:
Մովսեսն այդ օրը հիվանդ էր: Կազդուրվելու, սնվելու և քնելու ժամանակ չկար: Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր, առաջին մարտը` խորհրդային բանակի դեմ:
1990թ.-ի հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա Մովսեսը նայում էր դիմացի բարձր սարին, ուր տեղակայված էր թշնամին և որին աջակցում էին խորհրդային ստորաբաժանումները, նա քայլում էր զայրացած… «Չե՞ք տեսնում, սա խաղ է`թատրոն»,- ասաց նա: Պետք էր վերադառնալ: Վերադարձի ճանապարհին թշնամու գնդակը գտավ նրան:
Մովսես Գորգիսյանը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» կոչումը: