20 հուլիսի 2005 - 09:38 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՊԿ ՀԵՏ
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հիմքեր չի տեսնում խոսելու այն մասին, «որ Հայաստանը վերաիմաստավորում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին»: «Հակառակը, Հայաստանը մեր կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է: Այո, այդ երկիրն ինտենսիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ հետ: Սակայն Հայաստանի անվտանգության հիմքը հանդիսանում է համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այս մասին ասել է եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ Հայաստանի գործողությունները հաստատում են դա», - հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: Միեւնույն ժամանակ «Ռոսիյսկիյե Վեստի» պաշտոնաթերթն այսօր նույնպես մեկնաբանում է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների թեման` «Հայաստանին զոմբիացնում են» վերնագիրը կրող հոդվածում: Թերթը մեջբերում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կարող է ակնկալել ՆԱՏՕ-ի աջակցությունը, եթե ցանկանա ազատվել իր տարածքում գտնվող ռուսական ռազմակայանից: «Արեւմուտքն արդեն վաղուց նշանակալի ջանքեր է գործադրում Հայաստանին իր կողմը քաշելու համար: Այդ նպատակով օգտագործվում են տարածաշրջանում կատարվող որոշ ռազմաքաղաքական փոփոխություններ: Բանն այն է, որ Երեւանն ավանդաբար իր գլխավոր սպառնալիքն է համարել Թուրքիային եւ, համապատասխանաբար, հիմնական հույսը դրել է Մոսկվայի եւ իր տարածքում գտնվող ռուսական զորքերի վրա: Սակայն այժմ Թուրքիան փորձում է անդամակցել ԵՄ-ին, եւ, համապատասխանաբար, ցանկանում է ցուցադրել իրեն լավ կողմից: Եւ այդ պատճառով, որոշ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի իշխանություններին Անկարան այլեւս հավանական հակառակորդ չի թվում, իսկ Ռուսաստանը դադարում է դիտվել որպես միակ հնարավոր դաշնակից», - գրում է «Ռոսիյսկիյե Վեստին», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: