1921 թվականի այս օրն է ծնվել կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: 1929-ին Բաբաջանյանն ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում:
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում:
Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը:
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» երգերը: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» , «Ամպրոպի արահետով» «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Երջանկության մեխանիկան» և այլն: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները` «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն:
Բաբաջանյանը մահացել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
1991 թ-ին` Մոսկվայում, 1996 թ-ին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին տեղադրվել է հուշարձանը: