22 հուլիսի 2005 - 09:19 AMT
UITE-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE) ծրագրում է արմատապես փոխել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից օգտվողների պատկերացումները Digitech 2005 ցուցահանդեսի միջոցով: Այդ մասին «am» PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով, նման ցուցահանդեսներ անցկացնելու բոլոր ջանքերը ցավալի ավարտ են ունեցել, քանի որ միշտ ներկայացվել են նմանատիպ սարքավորումներ: Digitech 2005-ին կներկայացվի ոչ միայն ոլորտի ապարատային բաղադրիչը, այլ նաեւ ծառայությունների լայն շրջանակը եւ վերջնական լուծումները: Դրա համար նախատեսված են հատուկ ցուցադրական բաժիններ, որոնք նախկինում չեն կիրառվել: Մասնավորապես, կներկայացվեն տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների լուծումները բիզնեսի համար, մուլտիմեդիայի արտադրանքը, ՏՏ աշխատաշուկան, որտեղ կներկայացվեն թափուր տեղերը, աշխատանքի պայմանները, կոնկրետ նախագծերը: Առաջին անգամ կներկայացվի նաեւ ՏՏ-ն բանկային ոլորտում, մասնավորապես, ծրագրային ապահովման եւ բանկային գործունեության ավտոմատացման համակարգերի մշակողները եւ բանկերը: Կարեն Վարդանյանը հաղորդել է, որ UITE-ն ակտիվ աշխատանք է ծավալել ներգրավելու համար արտերկրյա կազմակերպությունների, որի համար խորհուրդը համագործակցում է Ամերիկայի Բարձր տեխնոլոգիաների հայկական խորհրդի հետ եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Այս ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն են հայտնել ընկերություններ ԱՄՆ-ից, Մալազիայից եւ Իրանից, նշում է տնօրենը: «Մենք նաեւ բոլոր դեսպանատներին տրամադրել ենք հնգական քառակուսի մետր անվճար ցուցադրական տարածք Digitech 2005-ում տարբեր երկրների տեխնոլոգիաները ներկայացնելու համար»,-հաղորդել է Կարեն Վարդանյանը: Թեեւ նման ցուցահանդես Հայաստանում կանցկացվի առաջին անգամ, կազմակերպիչները նախատեսում են այն դարձնել ավանդական: Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների Digitech 2005 ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: Ցուցահանդեսին նախորդող շրջանում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում մրցույթներ` Ինտերնետ-որոնման, ծրագրավորման եւ էլեկտրոնային բովանդակության ոլորտներում: