24 հունվարի 2013 - 12:53 AMT
ԱԳ նախարար. 2012-ին Բաքվի ապակառուցողայան քայլերը համապատասխան բացասական արձագանք ստացան

2012 թվականը վերահաստատեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլև աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով Հայաստանի անցած տարվա արտաքին քաղաքականությունը: Այն մասին, որ միջազգային հանրությունը ողջունում է Արցախի հակամարտության հարցում Հայաստանի վարած քաղաքականությունը, ըստ Էդվարդ Նալբանդյանի, վկայում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անցած տարվա ընթացքում արած հայտարարությունները:

«Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, սադրիչ գործողությունները Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին լրջորեն վնասեցին ոչ միայն ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացին, այլև վնասեց տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»,- նկատեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նաև նկատեց, որ Բաքվի ապակառուցողայան քայլերը համապատասխան բացասկան արձագանք ստացան միջազգային հանրության կողմից: Նա հիշեցրեց ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնման և հերոսացման գործը և նկատեց, որ այն միանշանակ դատապարտվել է ամբողջ աշխարհի կողմից: