27 հուլիսի 2005 - 08:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՈՐԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինան եւ Հայաստանը, նշելով երկկոսմ ապրանքաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան, ընդգծում են պետությունների առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը տնտեսական համագործակցության խորացման նպատակով: Այդ մասին խոսվել է Ուկրաինայի եւ Հայաստանի փոխարտգործնախարարներ Օլեգ Շամշուրայի եւ Արմեն Բայբուրթյանի հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր: Մասնավորապես, կողմերը համաձայնվել են, որ տնտեսական գործակցության խորացման համար անհրաժեշտ է օգտագործել տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստը, ինչպես նաեւ բարձրացնել փոխադարձ տեղեկացվածությունը հեռանկարային տնտեսական նախագծերի իրագործումը սկսելու հնարավորության մասին: Նրանք նաեւ հաստատել են քաղաքական երկխոսության հետագա զարգացման ձգտումը բարձր եւ բարձրագույն մակարդակներով: Շամշուրը եւ Բայբուրթյանը էական ուշադրություն են դարձրել նաեւ եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերին` հայտնելով երկուստեք շահագրգռվածությունը այդ խնդրի շուրջ փորձի փոխանակման եւ գործակցություն հաստատելու վերաբերյալ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: