Հունվարի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելլին Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի առաջ մղման վերաբերյալ աշխատանքային առաջարկները, որոնք ներկայացվել են կողմերին 2012թ. հոկտեմբերին: Կարծիքներ են փոխանակվել կողմերի միջև վստահության ամրապնդման վերաբերյալ:
Միջնորդները, անդրադառնալով իրենց նախորդ հայտարարություններին, Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը:
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ ՄԽ որպես բանակցությունների հիմնական ձևաչափ: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են, որ կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը և վճռական են շարունակելու բանակցությունները: Մասնակիցները պայմանավորվածության են հասել շարունակելու բանակցություններն առաջիկա շաբաթներին: