30 հունվարի 2013 - 12:08 AMT
Պլատինի. Սարկոզին իրեն երբեք թույլ չէր տա պահանջել ինձնից քվեարկել Քաթարի օգտին

ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին կտրականապես հերքել է France Football-ում հայտնված տեղեկատվությունը: Ֆրանսիացի լրագրողները փաստեր ունեն, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ Քաթարը կաշառել է պաշտոնյաներից ոմանց: Այդպես, նրանցից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ, բացառիկ հարցազրույցում պատմել է կաշառք ստանալու մասին: Ըստ նրա, Քաթարն ուղղակի գնել է աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը: Ըստ լրագրողների, քվեարկությունից առաջ Պլատինին մասնակցել է «գաղտնի հանդիպմանը» Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի, Քաթարի արքայազն Թամին ալ Թանիի հետ, որի արդյունքում էլ կատարվել է գործարքը: Ասվում է, որ մինչ այդ հանդիպումն, իբր, Պլատինին մտադիր էր քվեարկել ԱՄՆ օգտին:

«Իմ սեփական նախաձեռնությամբ ես այն ժամանակ հայտարարել եմ, որ 2010թ. դեկտեմբերին ես քվեարկել եմ Ռուսաստանի ու Քաթարի օգտին: Բացի այդ, հենց ես եմ հայտնել ԶԼՄ-ներին, որ քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ Սարկոզիի հետ: Այդ մասին France Football-ում բառ անգամ չի ասվում, քանի որ այդ տեղեկությունները ես ինքնս եմ հրապարակել դեռ երկու տարի առաջ»,-մեջբերում է Պլատինիի խոսքը Le Matin-ը:

Պլատինին նշել է, որ Սարկոզին իրեն երբեք թույլ չէր տա պահանջել իրենից քվեարեկել Քաթարի օգտին: ՈւԵՖԱ նախագահը հավաստիացնում է, որ ընտրությունն ինքնուրույն է կատարել, առաջնորդվելով պարզ տրամաբանությամբ: