30 հունվարի 2013 - 14:38 AMT
Լևոն Ջուլֆալակյան. Աշխարհի գավաթից առաջ մեզ անհրաժեշտ էր հանդես գալ միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Դանիայում կայացած միջազգային մրցաշարից վերադարձել է 7 մեդալներով:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ասել է, որ ըմբիշները հանդես են եկել երեք քաշային կարգերում և 4-5 մենամարտ են անցկացրել:

«Աշխարհի գավաթից առաջ մեզ անհրաժեշտ էր հանդես գալ միջազգային մրցաշարում: Դանիայում մեր ըմբիշները շատ հաջող հանդես եկան, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում գրավեցին առաջին տեղը: Մասնակցում էին մարզիկներ 8 երկրներից, ես գոհ եմ արդյունքներից»,-ասել է Ջուլֆալակյանը:

Ըստ մարզչի, այս տարի հավաքականի կազմում հանդես կգան երիտասարդ ըմբիշներ, որոնք հետագայում կհամալրեն հավաքականը:

«Դանիայում առաջին անգամ մեծահասակների առաջնությունում ելույթ ունեցան Սարգիս Տոնոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, որոնք համապատասխանաբար նվաճեցին արծաթե և բրոնզե մեդալներ: Նրանք շատ լավ ու հեռանկարային մարզիկներ են, բայց դեռ շատ պետք է աշխատենք նրանց հետ»,-ասել է Օլիմպիական չեմպիոնը:

Արդեն փետրվարի 3-16-ը հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն Երևանում և կպատրաստվեն Աշխարհի գավաթին, որը կանցնի փետրվարի 19-20 Թեհրանում: