2 օգոստոսի 2005 - 08:57 AMT
ՄՇԱԿՎԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը պատրաստել է կազմակերպության անդամ պետությունների միջեւ անհապաղ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին արձանագրության նախագիծը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով` «Փաստաթղթի մշակումը նախատեսված է ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության ծրագրով մինչեւ 2010 թվականը եւ հետագա հեռանկարների համար»: Ն.Բորդյուժան տեղեկացրել է, որ «Արձանագրությունը պետական եւմիջպետական մարմինների փոխգործակցության մեխանիզմի մի մասն է` Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի այն մասի կատարման անհրաժեշտության դեպքում, որը վերաբերում է ռազմատեխնիկական օգնության ցուցաբերմանը»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերով` մշակված փաստաթղթում հստակ ձեւակերպված է իրավիճակները, որոնց դեպքում գործում են արձանագրության դրույթները` ագրեսիայի նախապատրաստման, միջազգային ահաբեկչության լայնածավալ գործողությունների պլանավորման եւ դրանց իրագործման ժամանակից շուտ բացահայտումը, ինչպես նաեւ մեկ կամ մի քանի երկրների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող եւ այլ արտաքին վտանգների բացահայտման դեպքում: Բացի այդ, նախագծում տրված է ՀԱՊԿ պետական եւ միջպետական փոխգործակցության կարգը` այն դեպքում, եթե ստեղծվի վերոհիշյալ իրավիճակները: Արձանագրության նախագծին համապատասխան տազմատեխնիկական օգնությունը տրամադրվում է մեկ կամ մի քանի երկրների խնդրանքով: Օգնության դիմումն ուղարկվում է ՀԱՊԿ գերագույն մարմնին` Հավաքական անվտանգության խորհրդին, որոնց անդամներն են պետությունների ղեկավարները: Փաստաթուղթն ուղարկվել է կազմակերպության բոլոր անդամ- երկրներին` ներպետական համաձայնեցման համար: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: