
Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը գոհ է կրկեսի շենքի կառուցման աշխատանքների ընթացքից: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Սոս Պետրոսյանն ասաց, որ աշխատանքները բնական հունով ընթանում են, տարածքի մաքրման աշխատանքները գրեթե վերջացած են և շուտով կսկսեն փորել շենքի հիմքը:
Սոս Պետրոսյանն ասաց, որ կրկեսի կենդանիները կենդանաբանական այգում չեն, ինչպես գրել էին լրատվամիջոցները. «Կենդանիները հյուրախաղերի են, Հայաստանում 2 ձի ու 2 լամա կա, որոնք ձիարշավարանում են: Կրկեսը մեծ պահանջարկ ունի, կենդանիները, հավանաբար, անընդհատ կշրջագայեն, մինչև շենքը կառուցվի, իսկ այն կենդանիները, որոնք Հայաստանում են, էլի «ֆորմայի» մեջ են, նրանց հետ շարունակում ենք աշխատել»,-ասաց Սոս Պետրոսյանը:
Անդրադառնալով կրկեսի ձիերից մեկի՝սիբիրախտից սատկելու դեպքին, Պետրոսյանն ասաց, որ իրենց այդպես էլ չեն ուղարկել փորձաքննության արդյունքները, թեև լրատվամիջոցներում գրվել էր, որ ձին սատկել է սիբիրախտից: