
Հունվարի 31-ին կայացել է հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Գլենդեյլ քաղաքում գործող «Նարեկ» կրթամշակութային հաստատության միջև:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Նարեկի» ողջ աշխատակազմին` 24-ամյա հայապահպան գործունեության համար:
Կրթօջախի տնօրեն Ռիմա Սարյանը ներկայացրել է «Նարեկի» գործունեությունը և կառուցվածքը, նշելով, որ ամենօրյա մանկապարտեզ է հաճախում 2-5 տարեկան 90 հայ երեխա` ստանալով գիտելիքներ և հայեցի դաստիարակություն: Յուրաքանչյուր տարի մանկապարտեզը դպրոց է ճանապարհում 30-40 երեխա: Իբրև մանկական լավագույն հաստատություն` մանկապարտեզն արժանացել ՀՀ Սփյուռքի ու Մշակույթի նախարարությունների բարձր գնահատականին:
«Նարեկ» մշակութային հաստատության շաբաթօրյա հայկական դպրոցը, հիմնադրվելով 1989 թվականին, իր գործունեությունը սկսել է չորս աշակերտով: Կարճ ժամանակահատվածում երեխաների թիվն ավելացել է և դարձել 400-ը: Ուսուցումը կատարվում է գրական արևելահայերենով` Հայաստանից առաքված դպրոցական դասագրքերով: Քննարկվել է 2013թ. նարեկցիների «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերին առավել մեծ կազմով մասնակցելու հարցը, հնարավորինս հստակեցվել են մանկավարժների վերապատրաստման, համահայկական փառատոններին և մրցույթներին մասնակցության հարցերը: