
Բնապահպանության նախարարությունը «Մեղրաձոր Գոլդ» ընկերության Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծն արդեն ուղարկել է Առողջապահության նախարարություն, սակայն նախարարության աշխատակիցները դեռ չեն ավարտել դրա ուսումնասիրությունը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Անահիտ Հայթայանն ասաց, որ նախագծի ուսումնասիրությունը ժամանակատար է, քանի որ այն բավական ծավալուն է:
Հիշեցնենք, հունվարի 10-ին բնապահպանները դիմել էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որպեսզի վերջիններիս ղեկավարած գերատեսչությունները ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք հայտնեին: Իսկ հունվարի 25-ին մեղրաձորցիները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Հավելենք, որ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը ցիանային ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ անցկացրել է 2 հասարակական լսում: