1 սեպտեմբերի 2005 - 09:48 AMT
IPAP-Ը ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆ Է
Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հետագա զարգացման հիմնական շարժիչն է հանդիսանում այդ կազմակերպության հետ Անհատական համագործակցության ծրագիրը (IPAP), որի արդյունավետ իրականացումը Դաշինքի հետ համագործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի վրա: Այդ մասին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Ծրագրի իրականացման առաջին քայլը կհանդիսանա Հայաստանի կողմից IPAP-ի ներկայացման փաստաթղթի մշակումը եւ քննարկումը ՆԱՏՕ-ի Խորհրդում»,-նշել է նախարարը: Նրա խոսքերով, փաստաթուղթը, որը արժանացել է դաշնակիցների բարձր գնահատականին, արտացոլում է Հայաստանի նպատակները եւ մտադրությունները: «Մասնավորապես, փաստաթղթում Հայաստանը հայտարարել է Դաշինքի անդամների հետ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ մշտական խորհրդատվություններ անցկանելու մտադրության, ինչպես նաեւ նրանց օրինակով եւ աջակցությամբ երկրի պաշտպանական ոլորտի բարեփոխման եւ կատարելագործման մասին»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը: Հաջորդ քայլը, ըստ նախարարի, կլինի ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակիցների եւ Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների համատեղ մշակելիք գործողությունների ծրագիրը IPAP շրջանակներում: «Ծրագրում հստակորեն կնշվեն պրեզենտացիոն ծրագրում նշված յուրաքանչյուր նպատակի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաեւ դրանք իրագործման ժամկետները: Ծարգրի մշակումը նախատեսվում է ավարտել 5-6 ամիսների ընթացքում»,-տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: