1 սեպտեմբերի 2005 - 12:27 AMT
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 14-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայցելի Լեռնային Ղարաբաղ, որտեղ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 14-ամյակին նվիրված տոնախմբություններին: Նշենք, որ հատուկ կառավարական հանձնաժողովի կողմից մշակված ծրագրի համաձայն ` սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է մի շարք տոնական միջոցառում: Տոնախմբությունները կսկսվեն Շուշիում գտնվող Ղազանչեցոց եկեղեցու պատարագով: Հանրապետության հանրակրթական հաստատություններում առաջին դասը նվիրված կլինի այդ օրվան: Միջոցառումներին կմասնակցեն հանրապետության կառավարության եւ խորհրդարանի անդամները: Իշխանության եւ հասարակության ներկայացուցիչները կայցելեն Ստեփանակերտի հուշահամալիր` հարգելու Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման տարիներին զոհվածների հիշատակը: ԼՂՀ մայրաքաղաքի «Վերածնունդ» կենտրոնական հրապարակում ավանդական համերգին մասնակցելու համար կհրավիրվեն նաեւ ռուսաստանյան էստրադայի աստղեր: Կկազմակերպվեն նաեւ մարզական միջոցառումներ: Տոնախմբությունները կավարտվեն հրավառությամբ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: