6 փետրվարի 2013 - 16:50 AMT
ԿԱՐԾԻՔ
Լյուքսեմբուրգն ապացուցեց, որ ֆուտբոլում «համեստ թիմեր» չկան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միասին չէր հավաքվել ու մարզվել արդեն գրեթե չորս ամիս: Վերջին անգամ Վարդան Մինասյանի թիմը նոյեմբերի 14-ին ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթանակ էր տարել Լիտվայի ընտրանու նկատմամբ:Դժվար է խոսել երեկ կայացած Հայաստան- Լյուքսեմբուրգ խաղի մասին ռադիոհեռարձակմամբ հետևելուց հետո, բայց ակնհայտ է, որ թիմում որոշակի խնդիրներ կան ու դրանք պետք է շտկել մարտի 26-ին Երևանում կայանալիք Չեխիայի հետ խաղից առաջ:

Այն թիմում, որը երեկ Վալանսում հանդիպեց Լյուքսեմբուրգին և ոչ ոքի`1:1, խաղաց որոշակի փոփոխություններ են կատարվել: Հավաքական էին հրավիրվել մի քանի նորեկներ, իսկ հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստներ բացակայում էին: Խաղալու հնարավորություն ստացան Արտյոմ Խաչատուրովը և Նորայր Ասլանյանը: Իհարկե, մեկ խաղը բավական չէ ընդհանուր լեզու գտնելու և թիմային խաղի բոլոր նրբություններին ծանոթանալու համար: Բայց իրենց բարձրության վրա չէին նաև մյուս խաղացողները:

Պահպանվեց նաև «տարեսկզբյան ավանդույթը», քանի որ մեկնարկային խաղերում հայ ֆուտբոլիստները այդքան էլ հաջող չեն ելույթ ունենում: Անցած տարի փետրվարի 28-ին Կիպրոսում Հայաստանի ընտրանին 0:2 հաշվով զիջեց Սերբիային, մեկ տարի առաջ` 2011-ին 1:2 հաշվով պարտվել էր Վրաստանին:

Սակայն հավաքականի անգամ ամենահոռետես երկրպագուները չէին կարող պատկերացնել, որ Լյուքսեմբուրգին դժվար կլինի չհաղթել: Որոշ ֆուտբոլային մասնագետներ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 148-րդ տեղը զբաղեցնող Լյուքսեմբուրգին անվանում էին «համեստ թիմ», սակայն այն ցույց տվեց, որ «համեստ» կամ «ոչ համեստ թիմեր» չեն լինում, ամեն ինչ որոշվում է միայն խաղադաշտում:

Իսկ «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում արդեն 16-րդ րոպեին հետապնդողների դերում հենց հայ ֆուտբոլիստներն էին: Պատասխան գնդակը կարողացավ խփել Էդգար Մանուչարյանը: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ընտրանին ցույց չտվեց այն խաղը, որը սպասելի ու սիրելի է երկրպագուների համար: Նրանք շատ պահանջկոտ են, և որքան շուտ ոգևորվում են, նույնքան էլ արագ հիասթափվում են:

Վարդան Մինասյանը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի հետևություններ և շտկումներ անելու համար, որովհետև առջևում 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն է: Մեր ընտրանին, եթե ցանկանում է պայքարել ուղեգրի համար, ինչն անգամ այս պայմաններում շատ դժվար է, պետք է կրկին ապացուցի, որ կարող է և ունակ ցույց տալու գեղեցիկ, մտածված ու արդյունավետ խաղ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News