7 փետրվարի 2013 - 14:22 AMT
Հայրիկյանի` ֆայլաբազարից բերված «քիլլերը» և մահափորձի վերաբերյալ Gallup-ի հարցումները

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո քննարկվող թեմաներից մեկն այն է, որ այս դեպքը կտրուկ կբարձրացնի թեկնածուի վարկանիշը: Երկրի գլխավոր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անգամ հայտարարեց, որ այս մահափորձը Հայրիկյանի «ղսմաթն» է և թեկնածուի վարկանիշը կտրուկ բարձրացել է:

Gallup International-ի հայաստանյան գրասենյակը ևս հարցումներ է անցկացրել Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ: Այսօր մամուլի ասուլիսում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրեց փետրվարի 2-ից 5-ը կատարված նախընտրական հարցման արդյունքները:

Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը հարցվածների 28 տոկոսը համարում է ներքաղաքական պայքարի հետևանք, 20 տոկոսը գնահատել է որպես ներքաղաքական իրավիճակի հետևանք, 9 տոկոսը` արտաքին ուժերի գործունեության հետևանք, 4 տոկոսը` որպես քրեական վեճ, 2 տոկոսը նշել է, թե անձնական հաշիվների մաքրում էր, ևս 2 տոկոսը նշել էր, որ դա քայլ է` ուղղված վարկանիշի բարձրացմանը: Հարցվածների 1 տոկոսը տեղի ունեցածը որակել է որպես շոու, իսկ 32 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրիկյանի հետ կատարված միջադեպից հետո նրա վարկանիշի բարձրանալու թեմային անդրադարձավ նաև Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա նկատեց, որ ազնիվ քվեակություն չի լինելու և մասնակցության թիվը նկարվելու է Բաղրամյան 26-ում: «Ավելին, մենք արդեն ստանում եք տեղեկություններ, որ շրջաններում մարդկանց տներ են մտնում և գումար առաջարկում, որ գնացեք ընտրության, ում ուզում եք ընտրեք միայն, թե գնացեք»,- ասաց Արմեն Բադալյանը և ավելացրեց, որ Բաղրամյան 26-ում են որոշելու, թե ով է երկրորդ տեղը գրավելու և նկատեց, որ, ըստ իշխանական սոցիոլոգիական հարցումների, երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է: Արմեն Բադալյանը տարօրինակ է համարում, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը որակվեց որպես մահափորձ: Ըստ նրա` դա հանցագործություն էր, որով փորձ արվեց, որ այս քարոզարշավը խաղաղ ֆոն չստանա, ինչի հետևանքով դիտորդները կարող են արձանագրել, որ որակյալ մրցակցություն չի ապահովվել:

«Ոչ ոք մարդասպանի կողքը չի եղել, որ ասի ուզում էր սպաներ, թե` վիրավորեր: Բայց անմիջապես մտցվեց «պետականության դեմ ուղղված մահափորձ» արտահայտությունը: Պետականության խորհրդանիշը դրոշն է, օրհներգը, զինանշանը, բայց մարդը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով ռուսական իմպերիալիզմի հատուկ ծառայությունների դեմ ուղղված վարկածին, Արմեն Բադայլանը նկատեց, որ նրանք պրոֆեսիոնալ զինվորականների են ուղարկում: «Ստացվում է, որ Հայրիկյանի դեպքում, փաստորեն, ռուսական իմպերալիզմի հատուկ ծառայությունները հավանաբար «քիլլերին» ֆայլաբազարից էին գտել, որ 30 սմ-ից վրիպեց: Եթե ուզեին ոչնչացնել` կոչնչացնեին»,- ասաց Արմեն Բադալյանը: