7 փետրվարի 2013 - 14:23 AMT
Նորաստեղծ կուսակցություն. Ընտրություններին չմասնակցող ուժերը բռնել են «տակից» սատարելու ուղին

Նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության քաղխորհդի անդամ Մանուկ Սուքիասյանը կոչ է անում մասնակցել ընտրություններին և բոլորին դեմ քվեարկել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ դա ամենամեծ գնահատականը կլինի իշխանությանը, քանի որ վատի և վատթարագույնի միջև ընտրություն կատարելը լավագույն լուծումը չէ:

Ինչպես նա նշեց` հենց ստեղծված իրավիճակն էր թելադրում ստեղծել նոր կուսակցություն: «Կան շատ կուսակցություններ, սակայն միայն անունով` գաղափարապես գոյություն չունեն: Քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է սեփական գաղափարախոսություն ունենալ»,- ասաց նա՞

Մեկ այլ` նորաստեղծ «Նոր Հայաստան» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն էլ էր ներկա ասուլիսին: Նա նկատեց, որ հիմնական քաղաքական ուժերը հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, ինչի արդյունքում գնում են դեպի քաղաքական արխիվ, և այս պարագայում պետք է ի հայտ գային նոր ուժեր:

«Հիմա ընտրել են «տակից» սատարելու ուղին: Դրանք այն ուժերն են, որոնք չեն մասնակցում ընտրություններին և սահմանափակվում են զուտ կարծիք հայտնելով»,- ասաց նա: Բաբկեն Հարությունյանի խոսքով` չմասնակցելով, այս ուժերը կանաչ լույս են վառում իշխանության համար: Սակայն վերջինս ևս կոչ է անում մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն ձայնը տալ թեկնածուներից մեկին: