Երեկ իրանական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը տարածել էր առաջիկա ընտրություններին առաջադրվելու մտադրություն ունեցող Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազի հայտարարությունն այն մասին, որ ընտրվելու դեպքում նա Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը միացնելու է Իրանին:
Իրանագետ Ռուդիկ Յարալյանը Խարազիի մասին այսօր ասուլիսի ժամանակ նախ նշեց, որ նա ոչ շատ հայտնի քաղաքական գործիչներից է և նրա հայտարարությունը պոպուլիստական, ամբոխավարական նպատակներ է հետապնդում, ուղղված է Իրանի ազգայնամոլ ծայրահեղական լսարանին, որն այնքան մեծ չէ ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար:
«Մեզ համար կարևոր է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որը բնավ չի կիսում այս գաղափարը: Այս օրերին Եգիպտոսում գտնվող ԻԻՀ նախագահ Ահմադի Նեժադն աննուղղակիորեն արդեն իսկ պատասխանել է այս հայտարարությանն, իհարկե, կոնկրետ չնշելով դրա մասին: Նախագահն ասել է` Իրանը երբեք որևէ հավակնություն հարևան երկրների նկատմամբ չի ունեցել», - ասաց Ռուդիկ Յարալյանը:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը նշվածին ավելացրեց, որ Իրանում արտաքին քաղաքականությամբ զբաղվում է գերագույն հոգևոր առաջնորդը: «Սա ամրագրված է երկրի Սահմանադրությամբ: Նախագահն ինքնուրույն արտաքին քաղաքական այդպիսի ուղղություն չի կարող որոշել», - ասաց նա, նշելով, որ նման հայտարարության համար հիմքեր կարելի է գտնել Թուրքմենչայի պայմանագրով ավարտված ռուս-պարսկական պատերազների հետևանքներում: Պայմանագրով Իրանը Հարավային Կովկասում տարածքներ է կորցրել:
Չնայած հայտարարությունը քաղաքական լուրջ ենթատեքստ չունի, հայտարարության հեղինակը պակաս ազդեցիկ է, բայց նա Իրանում բավական հայտնի քաղաքական գործիչների ընտանիքից է`հայրը` Սեյյեդ Մոհսեն Խարազին, ԻԻՀ բանիմացների խորհրդի անդամ է, հորեղբայրը՝ Քամալ Խարազին, Մոհամմադ Խաթամիի օրոք եղել է ԻԻՀ ԱԳ նախարարը, քույրն ամուսնացած է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեի որդու հետ, բայց ինքը քաղաքական որևէ ակտիվ գործընթացի մասնակից չի նշվել: Տեղեկություն կա նաև, որ Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազին Հզբոլլահի ակտիվ անդամներից մեկն է, նույնիսկ գլխավոր քարտուղարը: Սակայն, թե ինչքանով է այս տեղեկությունը ստույգ, դժվար է ասել, քանի որ իրանական լրատվամիջոցներն մի անգամ արդեն սխալվել են` նրան ներկայացնելով որպես թեկնածու, մինչդեռ նա միայն առաջադրվելու ցանկություն է հայտնել:
Եթե նա իր հայտարարությունն աներ որպես թեկնածու և նախընտրական ծրագրի համատեքստում, կարելի էր այն լուրջ ընդունել, բայց նունիսկ իրանական ազդեցիկ լրատվամիջոցները չեն անդրադարձել դրան: Հայտարարությունը մտահոգիչ կարող էր լինել, եթե հեղինակը, թեկնածությունն առաջադրելիս, գերագույն հոգևոր առաջնորդի աջակցությունն ունենա ` հաշվի առնելով նրա ընտանիքի դիրքը: Որովհետև ինչպես նշեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը, Իրանում չգրված օրենք կա` որ թեկնածուին աջակցում է հոգևոր առաջնորդը, նա էլ դառնում է նախագահ:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Հիմա ներքաղաքական վերադասավորումների շրջան է: Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազիից բացի ևս 20 հավանական թեկնածուի անուն է շրջանառվում: Նրանցից, թերևս կարելի է առանձնացնել 4-5-ին, որոնք առավել ազդեցիկ են և նրանց մեջ է պետք փորձել Իրանի հաջորդ նախագահին տեսնել: Նրանք են «Պահպանողականների եռակողմ կոալիցիա»-ի անդամներ՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, նաև Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին: