6 սեպտեմբերի 2005 - 08:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Հասան ալ Աթրաշին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությանն ու տնտեսական բարեփոխումներին առնչվող հարցեր: Ռ. Քոչարյանը նշել է, որ Հայաստանը հետեւողական է բարեփոխումների իրականացման գործում եւ կատարված աշխատանքներն արդեն իսկ ապահովել են շոշափելի արդյունքներ: Հասան ալ Աթրաշը դրական է գնահատել բարեփոխումների ընթացքը եւ ավելացրել, որ այդ գնահատականը կարտացոլվի Հայաստանի մասին ներկայացվելիք զեկույցում: Նա հատկապես նշել է տնտեսական աճի ապահովման եւ աղքատության կրճատման գործընթացները` հայտարարելով, որ աղքատության կրճատման ծրագիրը կարող է օրինակելի լինել այլ երկրների համար: ԱՄՀ ներկայացուցիչը որպես կարեւոր ձեռքբերում նշել է բյուջետային գործընթացների կանոնակարգումը եւ իրականացվող դրամավարկային քաղաքականությունը: