6 սեպտեմբերի 2005 - 09:28 AMT
Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՒԼԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ «ԴԱՆՖԱՂ ԸՆԹԱՑՈՂ ԻՄԻՏԱԱՑԻԱ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը շատ չի տարբերվում նախկիններից եւ կավարտվի նույն ձեւով: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտալոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: «Ներկայիս փուլը կարճ կարելի է անվանել «դանդաղ ընթացող իմիտացիա»: Արտաքնապես այն նման է փուլին, որը պատմության մեջ արդեն ստացել է «Փարիզյան» կամ Քի-Վեստյան անվանումը: Այն ժամանակ նույնպես կոնկրետ առաջարկություններ արվեցին, կողմերը բանավիճում էին այդ առաջարկությունների շուրջ, սակայն դրանք ավարտվեցին այնպես, ինչպես պետք է ավարտվեին` անարդյունք»,- հայտարարել է նա: Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի` Կազանում կայացած հանդիպման արդյունքում արձանագրված կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի մասին հարցին` Ա.Յունուսովը հայտարարել է. «Իմ ունեցած տեղեկատվության համաձայն` Կազանում նախագահների միջեւ լուրջ բանավեճ չի եղել»: «Կողմերը կարծիքներ են փոխանակել արդեն իսկ առաջարկված տարբերակի շուրջ: Գործընթացը դեռեւս շարունակվում է եւ արդյունքում կավարտվի այնպես, ինչպես եւ «Փարիզյան» փուլը»,- ավելացրել է ադրբեջանցի փորձագետը: