9 փետրվարի 2013 - 15:09 AMT
Կովկասում Ռուսաստանին ոչ ոք պետք չէ. ոչ ԱՄՆ-ն, ոչ Թուրքիան, ոչ Իրանը

Տեսականորեն ռուս-հայկական ակտիվ համագործակցությունը կարելի է գնահատել որպես Կրեմլի պատասխանը Գաբալայի ՌԼԿ-ից Ռուսաստանի հեռանալուն: Սակայն, ընդհանուր առմամբ, ռուս-հայկական ռազմական համագործակցությունը ուղղակիորեն բխում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունից և Հարավային Կովկասում ՌԴ շահերից: Այդ մասին հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ և հասարակական գործիչ Դմիտրի Վերխոտուրովը:

«Ռուսաստանի գլխավոր շահն այդ տարածաշրջանում այն է, որ այնտեղ չլինի ոչ ամերիկյան, ոչ թուրքական, ոչ էլ իրանական տիրապետում: Դա Հյուսիսային Կովկասում հանդարտության պարտադիր տարր է, քանի որ նման դասավորության դեպքում հյուսիսկովկասյան գրոհայինները արտաքին աջակցություն չեն ստանա: Չեչենական պատերազմներում Հարավային Կովկասի հաղորդակցային ուղիները առանցքային դեր ունեին, քանի որ դա միակ արահտեն էր, որով զենք, սպառազինություն, փող էր գնում, համալրվում էր գրոհայինների քանակը, դուրս էին բերվում վիրավորները: Հենց որ այդ արահետը հաջողվեց փակել, գրոհայինների վերջը շատ արագ եկավ: Ինձ թվում է, որ Ադրբեջանում և Վրաստանում դեռ լավ չեն հասկանում, թե որն են ՌԴ շահերն այդ տարածաշրջանում, և հաճախ սխալ եզրակացություններ են անում»,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ, մի շարք նշաններից դատելով, Պուտինի դիրքորոշումը Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության հարցում սկզբունքորեն չի փոխվել: Ըստ նրա, ամերիկյան զորքերի հայտնվելու հնարավորությունն Ադրբեջանում, այն էլ գրոհային խմբավորման կազմում, այնքան է հակասում Ռուսաստանի շահերին, որ Կրելմը պատասխան տալու որոշում կկայացնի:

«Եվ դա կարող են լինել բավականին անսպասելի գործողություններ: Պետք է պարզ հասկանալ, որ ղարաբաղյան խնդրի լուծումը հարկավոր է որոնել Հարավային Կովկասում ռուսական շահերի դաշտում, ոչ թե ամերիկյան: Հակառակ դեպքում, տեղի կունենա տարածաշրջանի ընդհանուր ապակայունացում, ինչը շահավետ չէ առաջին հերթին հենց Ադրբեջանին»,-ասել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի հնարավոր պատերազմն Իրանի դեմ չար կատակ կխաղա հենց Հարավային Կովկասի հետ, հայտնում է Vesti.Az-ը: