6 սեպտեմբերի 2005 - 11:51 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին այսօր իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Բոժկոն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքւոմ Վ.Օսկանյանը շնորհավորել է Ուկրաինայի դեսպանին ՀՀ-ում նշանակման եւ Հայաստան վերադառնալու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան բարձր առաքելության մեջ: Գոհունակություն հայտնելով հայ-ուկրաինական համագործակցության մակարդակի կապակցությամբ` նախարարը նշել է, որ դեռեւս շատ անելիքներ կան քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի խորացման ուղղությամբ: Խոսելով Հայաստանի եւ Ուկրաինայի եվրաինտեգրացման ընթացքի մասին` զրուցակիցները նշել են երկու երկրների արտաքին քաղաքականության ընդհանրությունները եւ այս ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: Այդ առումով, երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության շարունակականությունը: Նշենք, որ Ա.Բոժկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպանն էր 1996-2001թվականներին: