11 փետրվարի 2013 - 12:42 AMT
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարիամ Գևորգյանի փաստաբանի բողոքը

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել սկեսրոջ կողմից խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանի փաստաբանի բողոքը: Այս մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը: Վերջինս հունվարին բողոքարկել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:Բողոքի քնությունը կսկսվի փետրվարի 19-ին: Նիստը կանցկացվի դռնբաց:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների էր ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման:

Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով: Հայկանուշ Միքայելյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Համաներման հիմունքով ժամկետի 1/3-ը հանվել է և քանի որ նա կալանքում արդեն անցկացրել էր 1 տարի 7 ամիս, ուստի ազատազրկման ժամկետը կազմել է 1 տարի, սակայն այս վճիռը չի բավարարել հայցվոր կողմին: