7 սեպտեմբերի 2005 - 08:07 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ Է
Եվրամիությունը բացահայտորեն պահանջում է հայ-թուրքական սահմանի բացումը: Այս մասին հայտարարել է Տնտեսական կապերի զարգացման հայ-թուրքական խորհրդի համանախագահ Քաան Սոյակը` խոսելով Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի ապաշրջափակման հնարավորության մասին, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: Նրա խոսքերով` ոչինչ չի կարող խանգարել այդ հարցին, քանզի եվրոպացիները դիտում են դա, ոչ ինչպես ադրբեջանցիները: «Այսինքն` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը չի կարող կարգավորվել փակ սահամանների դեպքում: Ադրբեջանը ճնշում է Թուրքիայի վրա, որպեսզի նա փակ պահի սահմանը, չնայած այդ քաղաքականության վերանայումը կարող է Թուրքիային ոչ միայն բերել թեթեւացում, այլեւ օգնել գտնելու հակամարտության կարգավորման էլ ավելի ակտիվ տարբերակ, որն աջակցվի միջազգային հանրության կողմից»,- նշել է նա: «Ես հավատում եմ Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը եւ սահմանների փակ չմնալուն: Խաղաղության ձեռքբերման առաջին պայմանն է` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Կազանում հանդիպումն այդ առումով շատ կարեւոր է: Ես հավատում եմ, որ խաղաղությունը ձեռք կբերվի մոտ ապագայում, եթե միայն որեւէ մեկը չփչացնի գործը վերջին պահին: Բնական է, կարեւորագույն խնդիրը Լեռնային ղարաբաղի կարգավիճակն է: Այստեղ պետք է երկու կողմերին ձեռնտու ֆորմուլա լինի»,- ավելացրել է Ք.Սոյակը: Պատասխանելով այն հարցին, թե կարող են թուրք ձեռներեցները կարգավորել առեւտրային կապեր Լեռնային Ղարաբաղի գործարարների հետ, եթե խաղաղություն ձեռք չբերվի` Ք. Սոյակը հայտարարել է. «Առեւտրի համար խափանումներ չեն լինում: Սակայն Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից չճանաչված տարածաշրջան է: Այդ պատճառով այստեղ չեն ուղարկվում վարկեր, իսկ ուղարկվող ապրանքները ապահովագրված չեն, այստեղ չեն գործում միջազգային բանկերը, ուղարկվող ներդրումները չունեն միջազգային երաշխիքները: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը այս տարածաշրջանի հետ հնարավոր է իրականացնել միայն ազատ առեւտուր: Սակայն, դա, բնականաբար, ոչ ոք չի ցանկանում»: Նրա խոսքերով` նման իրավիճակում է նաեւ Հյուսիսային Կիպրոսը, ուր նույնպես չեն ուղարկվում ներդրումներ: Եթե խաղաղություն ձեռքբերվի եւ բացվեն սահմանները, ապա Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է առաջին հերթին, ձեռք-ձեռքի տված, կենդանացնեն զբոսաշրջիկությունը: «Հարավային Կովկասը աշխարհի հարուստ տարածաշրջաններից մեկն է` զբոսաշրջիկության ներուժի տեսանկյունից, այստեղ կարող են ժամանել հարյուրհազարավոր զբոսաշրջիկներ»,- ավելացրել է թուրք ձեռներեցը: Խոսելով Հայաստանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանող նավթամուղի անցկացման նախաձեռնության մասին` Ք.Սոյակը նշել է, որ նավթամուղը, որը կարող է անցնել Հայաստանի տարածքով, անվանվել է «խաղաղության գոտի»: «Այդ նավթամուղը կկապեր մեզ միմյանց երկար տարիներ: Աշխարհի բոլոր երկրները, այդ թվում նաեւ Ադրբեջանը, ճանաչել են, որ Հայաստանի տարածքով խողովակաշարը տնտեսապես ավելի շահավետ է: Հայաստանի տարածքով խողովակաշարի անցկացումը կնշանակեր ծախսերի կրճատում 20 %-ով: Չի կարելի ասել, որ այդ հարցում դրվել է վերջակետ: Հայաստանում կան դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից պահպանված խողովակաշարեր, եւ ամենափոքր ծախսերով դրանք կարելի է դարձնել օգտագործման համար պիտանի: Արդյունքում` Թուրքիան եւ Ադրբեջանը այդ խողովակաշարերց կարող են ստանալ մեծ եկամուտ»,- եզրափակել է Քաան Սոյակը: