12 փետրվարի 2003 - 21:47 AMT
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒՄԸ ՉԵՉՆՅԱ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ
Ահաբեկիչները, զենքը, զինամթերքը եւ փողերը Չեչնյա են անցնում հարեւան հանրապետություններից, ամենից հաճախ` Վրաստանից եւ Ադրբեջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Մյունհենում միջազգային ահաբեկչության հետ պայքարի հարցերով միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Մասնավորապես, նախարարի խոսքերով`
չեչենական քրեական կառույցները օրինականացվել են Վրաստանի խոշոր քաղաքներում եւ փորձում են իրենց հասկողության տակ վերցնել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վրացական ընկերությունները: Չեչենական կառույցներին արդեն հաջողվել է հսկողության տակ վերցնել մի շարք ձեռնարկություններ, որոնք օգտագործվում են զենքի, եւ թմրանյութերի տեղափոխման համար, նշել է Իվանովը: Նրա խոսքերով` այնտեղ գործում են չեչենամետ ասոցիացիաների գործակալներ, մասնավորապես «Մուսուլման եղբայրներ»-ը, որոնք համակարգում են ավազակախմբերին զենքով մատակարարելու հարցերը: