7 սեպտեմբերի 2005 - 12:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՄ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
Հայաստանի Զինված ուժերի նպատակը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելն է: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյաննայս մասին հայտարարել է Ռիգայում իր լատվիացի գործընկեր Էյնար Ռեպշեի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` Հայաստանի Զինված Ուժերը դեռեւս չեն համապատասխանում ԵՄ եւ ՆԱՏՕ-ի չափանիշներին ոչ բավարար ֆինանսավորման պատճառով: Հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին: Էյնար Ռեպշեն նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պաշտոնական Ռիգան մեծացրել է իր ուշադրությունը հարավկովկասյան երկրների հանդեպ, եւ ժամանակն է ակտիվացնելու պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ծրագրում է ամբողջովին վերակազմավորել իր զինված ուժերը մինչեւ 2015 թվականը, եւ հետաքրքրված է Լատվիայի փորձն ուսումնասիրելու մեջ: Ս.Սարգսյանը հանդիպել է նաեւ Լատվիայի վարչապետ Այգարս Կալվիտիսին, որը աջակցություն է հայտնել դեպի անդրատլանտյան կառույցներ շարժվելու Հայաստանի պատրաստակամությանն ու ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր զարգացնելու ծրագրերին: Հայաստան պաշտպանության նախարարն այսօր Ռիգայից մեկնել է Տալլին: