8 սեպտեմբերի 2005 - 08:46 AMT
Ի.ԱԼԻԵՎԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԳՏՆԻ ԻՐ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄԸ, ՍԱԿԱՅՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ադրբեջանական բանակը ցանկացած պահի ընդունակ է ազատել Հայաստանի կողմից գրավված հողերը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լենքորանում (Բաքվից դեպի հարավ շուրջ 250 կմ) երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի բացմանը: «Թշնամին պետք է իմանա, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է ցանկացած պահի ազատել իր հողերը»,-նշել է նա: ԱՀ նախագահը նշել է, թե «այն, որ Հայաստանը չի ցանկանում գնալ զիջումների էականորեն արգելակում է հակամարտության կարգավորումը»: «Մենք հուսով ենք, որ ղարաբաղյան խնդիրը խաղաղ լուծում կստանա, բայց միեւնույն ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ ադրբեջանական բանակի մարտունակության ամրապնդմանը»,-ընդգծել է Ալիեւը: «Այդպես, եթե պետական ծախսերը ռազմական կարիքների համար 2004 թվականին կազմել են 175 մլն ԱՄՆ դոլար, ապա այս տարի արդեն` 300 մլն, իսկ հաջորդ տարի` 600 ԱՄՆ դոլար»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ընդ որում նա նշել է, որ Ադրբեջանը «հաջող դիվանագիտական քայլեր է ձեռնարկում գրավյալ հողերը ազատելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար», հաղորդում է «Ինտերֆաքսը»: