14 փետրվարի 2013 - 14:56 AMT
Երևանում ԵԽ գրասենյակը պատրաստ է համագործակցել ՀՀ կառույցների հետ առանձին ծրագրերի շրջանակներում

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 14-ին հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:

Ողջունելով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի այցը խորհրդարան՝ Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: Կողմերը կարևորեցին նախկինում եղած համագործակցության փորձը, քննարկեցին այն հետագայում ևս զարգացնելու, Հայաստանում անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու հարցը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Օլեքսանդր Պավլյուկը համագործակցության պատրաստակամություն հայտնեց առանձին ծրագրերի իրականացման շրջանակներում: